arm |  eng |  rus



 

“Սպարտակ” բալետի մասին

“ Սպարտակ ” բալետի ստեղծման գաղափարը Ա. Խաչատրյանը հղացել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, սակայն, մի շարք պատճառներով, կոմպոզիտորը ստեղծագործությունը ավարտին է հասցրել, միայն, 1954 թվականին: Բալետի սցենարը, որի համար որպես հիմք ծառայել է Ռ. Ջովանյոլիի “Սպարտակ” վեպը, գրել է անվանի խորհրդային դրամատուրգ Ն. Վոլկովը: “Սպարտակ” բալետի պրեմիերան կայացել է 1956թ. Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում (ներկայումս` Մարիինյան թատրոն): Բալետի առաջին բեմականացումը իրականացրել է հայտնի բալետմայստեր Լ. Յակոբսոնը (դիրիժոր` Պ. Ֆելդման, նկարիչ` Վ. Խոդասևիչ):
Լենինգրադյան պրեմիերային հաջորդել են բազմաթիվ բեմադրություններ ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ` արտասահմանում: Մեծ թատրոնի բեմում “Սպարտակ” ներկայացվել է տարբեր բեմական խմբագրություններով` 1958թ. Ի. Մոիսեևի բեմականացմամբ, 1962թ.` Լ. Յակոբսոնի, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել և թատրոնի խաղացանկում երկար չեն մնացել: Պետք եղավ ավելի քան տասը տարի բալետի գրվելուց հետո, մինչև որ ստեղծվեց այդ փառահեղ երաժշտությանն արժանի բեմականացում:
1968թ. տաղանդավոր պարուսույց Յուրի Գրիգորովիչի կողմից իրականացվեց բալետի երրորդ բեմադրությունը, որն իսկական հաղթանակ էր: Բալետային երաժշտական վառ կերպարներն ամբողջացան Գրիգորովիչի պարարվեստի և պարողների վարպետությամբ ստեղծված դերասանական կերպարների շնորհիվ: Ինքը` կոմպոզիտորը, երբեք չի թաքցրել թատերական արվեստի հանդեպ ունեցած իր սերը և մեկ անգամ չէ, որ ասել է, թե` եթե կոմպոզիտոր չդառնար, անպայման կզբաղվեր թատրոնով: Թատրոնում դրամատիկ կերպարներ ստեղծելու հանդեպ ունեցած այդ կիրքը մարմնավորվել է “Սպարտակ” բալետի երաժշտության մեջ, որն էլ հրաշալի կերպով բեմականացվել է Գրիգորովիչի կողմից: Արդյունքում` բալետը հաջողվել է և այն շահեկանորեն տարբերվում է բալետային այլ ներկայացումներից: Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Յու.Գրիգորովիչի ղեկավարությամբ (դիրիժոր` Գ. Ռոժդեստվենսկի, նկարիչ` Ս. Վիրսալաձե) իրականացված այս բեմականացումը մինչ այսօր, հիրավի, համարվում է ամենահաջողվածը: “Սպարտակ” բալետի բեմականացման պատմության ընթացքում նրանում փայլել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Ա. Մակարովը, Ի. Զուբկովսկայան, Ա. Շելեստը, Ի. Լենտովսկայան, Ի. Յակոբսոնը, Օ. Զաբոտկինան, Ի. Բելսկին, Յու. Գրիգորովիչը, Յու. Մալցևը, Ն. Պետրովան, Վ. Ռյազանովը, Օ. Մոիսեևան, Կ. Շատիլովը, Ի. Կոլպակովան, Ա. Գրիբովը, Ս. Կուզնեցովը,Բ. Բրեգվաձեն, Վ. Վասիլևը, Ե. Մաքսիմովան, Մ. Պլիսեցկայան, Ի. Մուհամեդովը, Մ. Լավրովսկին, Ն. Բեսսմերտնովան, Ն. Տիմոֆեևան, Մ. Լիեպան, Յու. Տրոյանը, Լ. Բրժոզովսկայան, Վ. Գալստյանը, Վ. Խանամիրյանը, Վ. Սարգսյանը և շատ ուրիշներ:

“Սպարտակ” բալետը Հայաստանում

Արամ Խաչատրյանի “Սպարտակ”բալետը Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1962թ. Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, բեմականացումն իրականացրել է անվանի բալետմայստեր Եվգենի Չանգան (դիրիժոր` Հակոբ Ոսկանյան, նկարիչ` Մինաս Ավետիսյան, դեկորները` Ռոբերտ Էլիբեկյանի):
Բալետի երկրորդ և երրորդ բեմականացումներն իրականացվել են 1977 և 1982թթ.: Դրանց հեղինակը բալետի հայ անվանի պարող և բալետմայստեր Վ. Գալստյանն էր (դիրիժոր` Հակոբ Ոսկանյան):
Հարկ է առանձնակի նշել այդ տարիների բեմադրություններում հանդես եկած այնպիսի վարպետների անուններ, ինչպիսիք են` Ս. Բարանովը, Ռ. Խառատյանը, Վ. Գալստյանը, Վ. Խանամիրյանը, Ս. Ավնիկյանը (Սպարտակ), Գ. Գևորգյանը, Հ. Դիվանյանը, Խ. Մարգարյանը (Կրասոս), Է. Մնացականյանը, Ս. Մինասյանը, Տ. Գրիգորյանը, Ա. Մարիկյանը, Բ. Հովնանյանը (Ֆրիգիա), Ն. Դավթյանը, Ե. Դիվանյանը (Էգինա):
Բալետը հաջողությամբ ներկայացվել է նաև արտասահմանում:

RosGosStrakh Armenia ENA Converse Bank Аrarat Golden Palace
Copyright © 2010 Sharm Holding. Developed in Smart Systems LLC