“Սպարտակ” բալետի լիբրետոն
Գործող անձինք
Սպարտակ - ապստամբ ստրուկների առաջնորդը
Կրասոս – հռոմեական զորահրամանատար
Ֆրիգիա - Սպարտակի սիրած էակը
Էգինա - կուրտիզանուհի, Կրասոսի հարճը
Գլադիատոր
Երեք հովիվ
Հովվուհիներ
Միմոսներ
Գլադիատորներ, ստրուկներ, միմոսներ, հովիվներ, կուրտիզանուհիներ, լեգիոներներ, ստրկավաճառներ, պատրիկներ, պատրիկուհիներ, ժողովուրդ - թատրոնի արտիստներ:
Գործողության տեղն ու ժամանակը – Հին Հռոմ (մ.թ.ա. І դար):
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Պատկեր առաջին - «Արշավանք»: Զորահրամանատար Կրասոսի գլխավորությամբ Կայսերական Հռոմը վարում է դաժան, իր ճանապարհին ամեն ինչ ավերող, զավթողական հարձակում: Շղթայված գերիների մեջ են ստրուկների վերածված Սպարտակը և Ֆրիգիան:
Սպարտակի մենապարը: Նա անզոր հուսահատության մեջ է: Ծնված լինելով որպես ազատ մարդ` այժմ շղթայված ստրուկ է:
Պատկեր երկրորդ – «Ստրուկների շուկա»: Ստրկավաճառները իրարից բաժանում են գերի կանանց և տղամարդկանց հարուստ հռոմեացիներին վաճառելու համար: Սպարտակին բաժանում են Ֆրիգիայից:
Ֆրիգիայի մենապարը: Նրա վիշտը սահման չունի: Նա սարսափով կանխազգում է ճակատագրի փորձությունները, որոնք սպառնում են իրեն:
Պատկեր երրորդ – «Խրախճանք Կրասոսի մոտ»: Միմոսներն ու կուրտիզանուհիները զվարճացնում են հյուրերին` ծաղրելով Կրասոսի նոր ստրկուհուն` Ֆրիգիային: Էգինան Կրասոսին ներքաշում է բաքոսյան մոլեգին պարի մեջ: Գինուց և կրքից հարբած Կրասոսը զվարճանք է ուզում: Երկու գլադիատոր պետք է կռվեն իրար չտեսնելով (առանց ակնախոռոչների սաղավարտներով)` մինչև նրանցից մեկի մահը: Հաղթողի գլխից հանում են սաղավարտը` Սպարտակն է:
Սպարտակի մենապարը: Նա իր ընկերոջ ակամա մարդասպանն է դարձել: Հուսահատությունը նրա մեջ զայրույթ ու բողոք է ծնում: Այլևս ստրկությանը համբերելու ուժ չկա: Ընտրությունը մեկն է` ազատություն:
Պատկեր չորրորդ – «Գլադիատորների զորանոցը»: Սպարտակը ապստամբության կոչ է անում գլադիատորներին : Ի պատասխան` նրանք հավատարմության երդում են տալիս և միասնական պոռթկումով դուրս պրծնում զորանոցից:
ԵՐԿՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Պատկեր հինգերորդ – «Ապիյան ճանապարհ»: Գերությունից ազատված սպարտակյանները, հայտվելով Ապիյան ճանապարհին` հովիվների շրջապատում, վերջիններիս կոչ են անում միանալ ապստամբներին: Ապստամբների առաջնորդ են հայտարարում Սպարտակին:
Սպարտակի մենապարը: Նա անհանգստացած է Ֆրիգիայի ճակատագրով: Սիրած էակի մասին հիշողությունները նրան հանգիստ չեն տալիս: Սպարտակի մտքերն ուղղված են սիրելիի կողմը:
Պատկեր վեցերորդ – “Կրասոսի վիլլան”: Ֆրիգիայի փնտրտուքները Սպարտակին բերում են Կրասոսի շքեղ վիլլա: Հանդիպումը մեծ ուրախություն է պարգևում սիրահարներին: Սակայն պատրիկների երթը, որն առաջ է շարժվում Էգինայի գլխավորությամբ, նրանց ստիպում է թաքնվել:
Էգինայի մենապարը: Նա վաղուց է երազում հրապուրել և իրեն ենթարկել Կրասոսին: Նա ցանկանում է նվաճել զորավարին և օրինականորեն մուտք գործել հռոմեական բարձրաշխարհիկ ազնվականության շրջանը:
Պատկեր յոթերորդ – « Խնջույք Կրասոսի մոտ»: Կրասոսը տոնում է իր հաղթանակը: Պատրիկները փառաբանում են նրան: Խրախճանքի թեժ պահին սարսափելի լուր է հասնում` ապստամբած ստրուկները շրջապատել են վիլլան: Խուճապահար հյուրերը փախչում են: Փախչում են նաև վախեցած Կրասոսն ու Էգինան: Վիլլա է ներխուժում Սպարտակը:
Սպարտակի մենապարը: Հաղթանա՛կ: Այն թև է տալիս նրան, հույս ներշնչում ապստամբության հաղթանակի հանդեպ: Հաղթանա՛կ:
Պատկեր ութերորդ – «Սպարտակի հաղթանակը»: Սպարտակյանները բռնել են Կրասոսին և պատրաստ են սպանել նրան, սակայն Սպարտակը դատաստան տեսնել չի ուզում, նա առաջարկում է ազնվորեն մենամարտել: Կրասոսն ընդունում է մարտահրավերը և պարտություն կրում` Սպարտակը նրա ձեռքից գցում է թուրը: Կրասոսը պատրաստ է մահն ընդունել ցուցադրաբար, սակայն Սպարտակը հեռու է վանում անարգվածին: Թող բոլորն իմանան նրա խայտառակության մասին: Ցնծացող ապստամբները փառաբանում են Սպարտակի հաղթանակը:
ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Պատկեր իններորդ – «Կրասոսի վրեժը»: Կրասոսը տանջվում է կրած խայտառակության պատճառով: Էգինան նրան վրիժառության կոչ է անում: Ընտրությունը մեկն է` ապստամբները պետք է մեռնեն: Կրասոսը լեգիոններ է հավաքում: Էգինան ճանապարհում է նրան հաղթելու:
Էգինայի մենապարը: Սպարտակը նաև նրա թշնամին է: Կրասոսի պարտությունը նրա համար ևս կործանարար կլինի: Էգինան նենգամիտ ծրագիր է մտածում` խռովություն սերմանել Սպարտակի ճամբարում:
Պատկեր տասներորդ – «Սպարտակի ճամբարը»: Սպարտակը երջանիկ է Ֆրիգիայի հետ: Անսպասելիորեն հրամանատարները բերում են Կրասոսի մեծ բանակի հարձակման լուրը: Սպարտակն առաջարկում է ընդունել մարտը, բայց ոմանք, ցուցաբերելով վախկոտություն, լքում են իրենց առաջնորդին:
Սպարտակի մենապարը: Նա կանխազգում է առաջիկա ճակատամարտի ողբերգական ելքը, բայց հանուն ազատության պատրաստ է զոհաբերել կյանքը: Զինվորները, որոնք նվիրված են Սպարտակին, պատրաստ են նրա հետ մարտի գնալու:
Պատկեր տասնմեկերորդ – «Կազմալուծում»: Էգինան ծածուկ մոտենում է Սպարտակից հեռացած դավաճանների ճամբարին: Կուրտիզանուհիների հետ միասին նա գինով և էրոտիկ պարերով գայթակղում է վտանգի մասին մոռացած զինվորներին: Դավաճաններին ծուղակը գցելով` Էգինան նրանց հանձնում է Կրասոսին:
Կրասոսի մենապարը: Նա լի է վրեժով: Սպարտակն իր մահով պետք է վճարի այն նվաստացման համար, որ կրել է Կրասոսը:
Պատկեր տասներկուերորդ - “Վերջին ճակատամարտը”: Լեգիոներները շրջապատում են սպարտակյաններին: Անհավասար մարտում զոհվում են Սպարտակին նվիրված ընկերները: Նա մինչև վերջին շունչը խիզախորեն վարում է մարտը, բայց լեգիոներների օղակը գնալով սեղմվում է վիրավոր Սպարտակի շուրջը, և նրանք նիզակների վրա խաչում են Սպարտակին:
Ռեքվիեմ: Մարտադաշտում Ֆրիգիան գտնում է Սպարտակին: Նա սգում է իր սիրելիի մահը, անհնար է սփոփել նրա վիշտը: Ձեռքերը դեպի երկինք կարկառելով` Ֆրիգիան աղերսում է հավերժ հիշել հերոսներին:









